Կինոոլորտում հիմնական խնդիրը սյուժեների անիմաստությունն է և արհեստավարժ պրոդյուսերների բացակայությունը. Ա. Զաքարյան

21:31 • 17.12.13

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը կինոոլորտում ամենագլխավոր խնդիրը համարում է ֆիլմերի սյուժեների անիմաստությունը: «Ֆիլմեր կան, որ տեխնիկապես անթերի են արված, բայց դրանց սյուժեն միայն հեղինակն է հասկանում, այն էլ՝ իր մտքում, ոչ թե՝ էկրանին իր ֆիլմը դիտելուց հետո»,-Tert.am-ի հետ զրույցում խոսելով կինոոլորտում առկա խնդիրների, բացթողումների և ձեռքբերումների մասին՝ ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

 

Որպես ձեռքբերում՝ Արշակ Զաքարյանն ամենաշատը կարևորեց ոչ կոմերցիոն՝ անկախ, հեղինակային ֆիլմերի ավելացումը:
«Շատ ռեժիսորներ, անտեսելով ֆինանսական, տեխնիկական և այլ խոչընդոտներ, այնուամենայնիվ, սկսել են նկարահանել: Միայն աշխատելով է հնարավոր կատարելագործվել, և եթե նույնիսկ՝ այսօր շատերի նկարահանած ֆիլմերը, մեղմ ասած՝ լավ չեն ստացվում, ապա իրենք իրենց իսկ սխալները կողքից տեսնելով՝ հաջորդ անգամ արդեն ավելի լավ են աշխատում»,-ասաց կինոռեժիսորը:

 

Իսկ բացթողումն, ըստ Արշակ Զաքարյանի, հենց վերը նշածի հակառակ երևույթն է. «Կոմերցիոն աղբը՝ ի դեմս հերթական «ցնցող» ֆիլմերի, հեռուստատեսությամբ և էկրաններին ցուցադրվելով, ֆինանսավորվելով ու արհեստական այսպես կոչված՝ PR-ի շնորհիվ, գովերգվեց ու տարածվեց, ինչը և մեր կինոն տարավ կործանման»,-նշեց Արշակ Զաքարյանը:

 

Արշակ Զաքարյանի խոսքով՝ մեր կինոյի հիմնական խնդիրը եղել և մնում է իրական արհեստավարժ պրոդյուսերների բացակայությունը: Նա կարծում է, որ ընդհանրապես՝ արվեստում, մշակույթի ոլորտում բարձիթողի վիճակ է: «Երբ սովորական հասարակությունն ունի հանպազօրյա հացի խնդիր, ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,-մտահոգություն հայտնեց ռեժիսորը՝ շարունակելով. «Ճիշտ է, հոգևոր հացը նույնպես շատ կարևոր է, և հենց մշակույթի միջոցով է նաև այն տրվում մարդուն, բայց փորձը ցույց է տալիս, որ արվեստի լավագույն գործերն ստեղծվել են անբարենպաստ պայմաններում: Երևի հենց պայմանների ճնշումն է ստիպում ավելի լավ ստեղծագործել»,-հավելեց Արշակ Զաքարյանը: