Միջազգային վիճակախաղի հաղթողը Պաբլո Պիկասոյի 1 մլն դոլար արժողությամբ կտավ կստանա

11:23 • 18.12.13

Sotheby's առևտրի տունը Փարիզում կանցկացնի մեկ մրցանակով միջազգային վիճակախաղ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Վիճակախաղի կազմակերպման մասին հայտարարվել էր ապրիլին։ Յուրաքանչյուրը համացանցում կարող էր տոմս գնել 100 եվրոյով։ Դեկտեմբերի 18-ին հաղթողը կստանա Պիկասոյի կտավներից մեկը, որը գնահատվում է 1 մլն դոլար։

 

Վիճակախաղում ներկայացված կտավը դեռևս պատկանում է «Փրկենք Տիրը» միջազգային ասոցիացիային (լիբանանյան քաղաք-նավահանգիստ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգություն)։ Ասոցիացիայի ղեկավարությունը վիճակախաղի տոմսերի վաճառքից հույս ունի ստանալ 5 մլն դոլար։

 

Ստացված գումարները կհատկացվեն Տիրի հնագույն հուշարձանների վերականգնման համար. այն հիմնադրել են փյունիկցիները մ.թ.ա. 28-րդ դարում։