Միգրացիայի խնդիրը նաև լրագրողների ուշադրության կենտրոնում է. ամփոփվեցին «Ճամպրուկ» մրցույթի արդյունքները
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախաձեռնած ու Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Ճամպրուկ» լրագրողական մրցույթի արդյունքներն այսօր ամփոփվեցին: Մրցույթը միգրացիայի թեմայով է, և ԵՄ հայաստանյան պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Խոսե Մարիա Մեդինա-Նավառոն նկատեց, որ միգրացիայի խնդիրը նաև լրագրողների ուշադրության կենտրոնում է:
«Հայաստանում շատ սուր է դրված միգրացիայի հարցը, և ԵՄ-ն շարունակելու է աջակցությունն այս խնդրին»,- ասաց նա:
Մրցույթին ներկայացված նյութերի մասին «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տարածաշրջանային տնօրեն Սառա Կառադը նշեց, որ շատ բարձր որակի նյութեր էին ներկայացվել, ինչը լավ նշան է: «Այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի գնահատել լրագրողների աշխատանքը»,- ասաց նա:
Տպագիր և առցանց մամուլ անվանակարգում երեք լրագրող արժանացավ մրցանակի, հեռուստանյութեր անվանակարգում նույնպես երեքը պարգևատրվեց, իսկ ռադիոնյութեր անվանակարգը առաջին տեղի մրցանակակիր չունեցավ գրանցվեցին միայն երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրներ:
Առանձին անվանակարգով առաջին մրցանակի արժանացավ «Ազատություն» ռադիոկայանի «Վարդենիկ» նյութի հեղինակ Հասմիկ Սմբատյանը:










