ԱՄՆ-ն «Քրեական ընթերցվածք»-ը մշակութային կարևոր ֆիլմ է ճանաչել
Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» և Ջուլի Էնդրյուսի դերակատարմամբ Ռոբերտ Սթիվենսոնի «Մերի Պոպինս» ֆիլմերը 2013 թվականին ընդգրկվել են ԱՄՆ ազգային կինոռեեստրում, գրում է lenta.ru-ն: Ռեեստրում ավելացված 25 ֆիլմերի ամբողջական ցանկը դեկտեմբերի 18-ին հրապարակվել է Կոնգրեսի գրադարանի կայքում:
Այս տարի ցուցակում ընդգրկվել են նաև Մայքլ Մուրի «Ռոջերը և ես», Մայքլ Նիկոլսի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բերտոնի դերակատարմամբ, Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» և Ջոն Սթերջեսի «Հիանալի յոթնյակը» ֆիլմերը:
2013 թվականին ցանկում ներառվել են նաև մի քանի համր ֆիլմեր: Մասնավորապես՝ 1919 թվականի «A Virtuous Vamp» և 1920 թվականի «Daughter of Dawn» ֆիլմերը:
ԱՄՆ ազգային կինոռեեստրում են ընդգրկվում ԱՄՆ-ում 1912 թվականից ի վեր նկարահանված մշակութային, պատմական, էսթետիկ առումով կարևոր ֆիլմերը: Այն ամեն տարի համալրվում է 25 ֆիլմով:










