Վրաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեին

10:36 • 18.12.13

Վրաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով վրացական ԱԳՆ-ին։

 

Վրաստանը տվյալ կոմիտեի անդամ կլինի 4 տարի։ Կոմիտեում ներկայացված է 12 երկիր։

 

Փարիզում կազմակերպության շտաբ-բնակարանում անցկացված ընտրություններին մասնակցել է 59 երկիր, որոնցից 41-ն աջակցել է Վրաստանին։ Վրացական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գլխավորել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպան, ՅՈՒՆԵՍԿՕ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Եկատերինա Սիրաձե Դելոնեն։

 

«Կոմիտեի նպատակն է՝ ուժեղացնել մշակութային ժառանգության պաշտպանությունը զինված հակամարտությունների դեպքում։ Անդամակցությունը Վրաստանին հնարավորություն է տալիս ակտիվորեն միանալ և սեփական ներդրումն ունենալ մշակութային արժեքների պաշտպանությունն ապահովելու գործում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Վրաստանի ԱԳՆ-ն իր երախտագիտությունն է հայտնում այն բոլոր երկրներին, որոնք աջակցել են Վրաստանին այդ ընտրություններում։