Սիրիահայ արվեստագետների մասնակցությամբ բարեգործական համերգ տեղի կունենա
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ և հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Համերգին կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազուն» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի կատարմամբ: Երաժշտական համարները կընդմիջվեն պարային և ասմունքային կատարումներով:
Համերգից առաջ՝ ժամը 17:00-ին, կբացվի նաև «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:










