Christie’s-ը գնահատել է սնանկացած Դետրոյթի արվեստը
Christie’s աճուրդի տունը հրապարակել է սնանկ ճանաչված Դետրոյթ քաղաքի ամենախոշոր գեղարվեստական հավաքածուի՝ Դետրոյթի արվեստների ինստիտուտի արվեստի գործերի վերագնահատման արդյունքները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Detroit News-ին: Աճուրդի մասնագետները 2.781 ստեղծագործության արժեքը գնահատել են 454-867 միլիոն դոլար:
Christie’s-ի նախորդ գնահատման արդյունքները հրապարակվել էին դեկտեմբերի 2-ին: Այդ ժամանակ Դետրոյթի արվեստի արժեքը 1 միլիոնով քիչ էր եղել՝ 452-866: Այդ ժամանակ հաղորդվել է, որ գնահատված աշխատանքներից ամենաթանկը դարձել են Պիտեր Բրեյգել Ավագի «Հարսանեկան պարը», Անրի Մատիսի «Պատուհան» և Վան Գոգի «Ինքնադիմանկարը»: Դրանց ճշգրիտ արժեքը չի հաղորդվել:
Գնահատվել են միայն այն ստեղծագործությունները, որոնք ձեռք են բերվել քաղաքային բյուջեի հաշվին. դա մոտավորապես թանգարանի հավաքածուի հինգ տոկոսն է կազմում: Հավաքածուի մեծ մասը ձեռք է բերել ոչ կոմերցիոն Dia Art Foundation հիմնադրամը:
Christie’s-ը նաև մի քանի առաջարկ է արել, թե ինչպես քաղաքի իշխանությունները կարող են շահույթ ստանալ DIA-ի աշխատանքից՝ չվաճառելով դրա հավաքածուի արվեստի գործերը:
Արվեստի գործերի հնարավոր վաճառքի մասին որոշումը Դետրոյթի իշխանությունները կայացրել էին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ քաղաքը կարող է սնանկ ճանաչվել (2013-ի ամռանը): Ենթադրվում էր, որ DIA-ի հավաքածուի արվեստի գործերը կարելի է օգտագործել քաղաքի պարտքերը փակելու համար:










