Դենի դե Վիտոն, Գարիկ Մարտիրոսյանը և Էրիկ Ռոբերթսը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի մոտիվներով նոր ֆիլմում

18:05 • 19.12.13

Ինգուշեթիայում պատրաստվում են նկարահանել «Կովկասյան եռանկյունի» կատակերգությունը՝ Գայդայի հին ու բարի «Կովկասի գերուհին» ֆիլմի մոտիվներով։ Կրկին հարսնացուի առևանգում, սակայն այս դեպքում պատվիրատուն ոչ թե «շրջանի ղեկավարն է», այլ ոմն օլիգարխ Բորիս Լազարևսկին, ում կմարմնավորի ամերիկացի հայտնի կինոաստղ Դենի դե Վիտոն, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Ֆիլմում կնկարահանվեն նաև այնպիսի ամերիկացի և հայրենական կինոաստղեր, ինչպես Էրիկ Ռոբերթսը, Սաթի Կազանովան, Գարիկ Մարտիրոսյանը, Նատալյա Վառլեյը, հայտնի ինգուշ դերասան Իբրահիմ Ցուրաևը»,- պատմել է Ռուսաստանի նախագահին կից Ինգուշեթիայի Հանրապետության մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության հատուկ մասնագետ Դուգուրխան Կոձոևը։

 

Նատալյա Վառլեյը, ով կատարել է «կովկասի գերուհու» դերը, ըստ սցենարի՝ ապագա հարսնացուի մայրն է, հոր դերը կկատարի Էրիկ Ռոբերթսը, իսկ հարսնացուին՝ Բելիժային, կմարմնավորի Սաթի Կազանովան։ Գլխավոր հերոսների ընտրությունը դեռ շարունակվում է, այնպես որ նոր աստղերի հայտնվելը ֆիլմում չի բացառվում։

 

«Կովկասյան եռանկյունու» նկարահանումները կանցկացվեն Ինգուշեթիայում, Մոսկվայում, ԱՄՆ-ում և նույնիսկ Սեուլում։ Ֆիլմը կհովանավորեն հոլիվուդյան պրոդյուսերներ, իսկ կնկարահանի այն ռուս ռեժիսոր Ալեքսանդր Պանովը։ Նկարահանումները կմեկնարկեն մարտ-ապրիլ ամիսներին Ինգուշեթիայի լեռներում, իսկ կավարտվեն 2014թ. վերջին։ Ֆիլմը լայն վարձույթում կհայտնվի 2015թ. նախօրեին։