Մերկուրիի խառնարաններից մեկն անվանակոչել են Ջոն Լենոնի պատվին

13:12 • 20.12.13

Մերկուրի մոլորակի վրա գտնվող խառնարաններից մեկը ստացել է Ջոն Լենոնի անունը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի կայքին:

 

«Քիչ հավանական է, որ Մերկուրիի մակերևույթին հայտնաբերվեն մանդարինի ծառեր և մարմելադե երկինք (The Beatles-ի «Lucy In The Sky With Diamonds» երգի տողերից մեջբերում), սակայն այս տողերը գրած հայտնի բրիտանացի երաժիշտն այժմ ֆիզիկապես ներկա է Արևին ամենամոտ մոլորակի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

The Beatles-ի հիմնադիրներից մեկից բացի, Մերկուրիի վրա անվանական խառնարանների են արժանացել գրող Թրուման Կապոտեն և Էրիխ Մարիա Ռեմարկը, կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը, երգիչ Էնրիկո Կարուզոն և մշակույթի ևս մի քանի գործիչներ:

 

Երկնային մարմիններն անվանակոչող Միջազգային աստղագիտական միության ավանդույթի համաձայն՝ Մերկուրիի վրա բոլոր խառնարաններն անվանակոչվում են գրողների, պոետների, նկարիչների և երաժիշտների պատվին:

Մերկուրիի խառնարաններից մեկն անվանակոչել են Ջոն Լենոնի պատվին