Կիևում Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ է ցուցադրվել. հանդիսատեսն արտասվել է
Հայաստանում 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրվել Կիևում. «Կկիսեմ քո վիշտը» ֆիլմը ցուցադրվել է Կիևի Կինոյի տանը, գրում է gazeta.ua-ն։
Ֆիլմի ցուցադրմանը ներկա են գտնվել աղետի հետևանքների վերացման մասնակիցները, որոնք այն ժամանակ եղել են Կիևի Շևչենկոյի անվ. համալսարանի և Պոլիտեխնիկի ուսանողներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և կինոգործիչներ։
«Դժբախտության մասին մենք իմացանք լուրերից։ Որոշեցինք օպերատոր ընկերոջս հետ մեկնել և նկարահանել»,- հիշում է կինոռեժիսոր Վիկտոր Շկուրինը։
«Այդ ժամանակ լեռներում 20 աստիճան սառնամանիք էր, ավերածություններ։ Ապրում էինք վրաններում։ Շուրջբոլորը մահ էր։ Պատկերացրեք՝ մեր վրանն էր, իսկ շուրջը՝ դիակներով դագաղներ։ Առաջինը, ինչ ինձ ապշեցրեց, երբ մենք մտնում էինք Սպիտակ, դագաղներով բեռնատարերն էին, որոնք մեզ ընդառաջ էին գալիս։ Որքան մոտենում էինք քաղաքին, այնքան ավելի շատ էին այդ մեքենաները»,- պատմում է Շկուրինը։
Կինոռեժիսորը նշել է, որ մինչ այժմ ափսոսում է մի միջադեպի համար, որը չի հաջողվել նկարահանել։ «Գիշեր էր, ժապավենն ավարտվել էր։ Մնացել էր վերջին փլուզված հատվածը։ Շները տարածքում մարդ չգտան։ Էքսկավատորը սկսեց աշխատել։ Փլատակների տակից երեխայի ձեռք հայտնվեց։ Դա մի դեռահաս էր, ով 12 օր և 10 ժամ մնացել էր փլատակների տակ և ողջ մնացել։ Հաջորդ օրն այցելեցինք հիվանդանոց՝ նրան տեսակցության, պատմեց, որ ամբողջ ընթացքում գիտակցություն է ունեցել և սպասել է, թե երբ են իրեն փրկելու»,- պատմել է նա։
Ուկրաինայից ուղարկում էին տարբեր ձեռնարկությունների և կազմակերպությունների ջոկատներ։ Շատ ուսանողներ կային։ Պոլիտեխնիկի կամավորներին ղեկավարում էր Իգոր Ստեպանովը, Շևչենկոյի ուսանողներին՝ ներկայում պատգամավոր Նիկոլայ Կատերինչուկը։ Հայաստանում նրանք մնացին մոտ մեկ ամիս և Ամանորը դիմավորեցին այդ երկրում։
«Այսօր ես հասկացա, որ ինչպես և 25 տարի առաջ, Ամանորը դիմավորելու եմ վրանում։ Այն ժամանակ՝ իտալացիների, ֆրանսիացիների և գերմանացիների հետ»,- նշել է պատգամավորը՝ ակնարկելով, որ 2014թ. դիմավորելու է Կիևի ցուցարարների հետ։
«Չենք ուզում հիշել վատը։ Լինում էին դեպքեր, երբ կամավորները բախվում էին կողոպտիչների հետ։ Ամենադժվարը մարդկանց լացին դիմանալն էր, նրանք թաղում էին իրենց հարազատներին։ Դա և՛ երեխաներ էին, և՛ կանայք։ Ֆիլմը ներկայացնում է այն, ինչ մենք վերապրել ենք։ Այդ երկրաշարժը փոխեց մեզանից յուրաքանչյուրին»,- հիշում է Կատերինչուկը։
51-ամյա Անատոլի Կոբիլյացկին, ով այն ժամանակ օգնել է Կատերինչուկին կազմակերպել օգնության ջոկատները, պատմում է. «Մենք երկար էինք փնտրում այս ժապավենը։ Շնորհիվ համալսարանի աշխատակիցների մեզ դա հաջողվեց, գտանք նաև ռեժիսորին։ Նկարահանող խումբը մեզ հետ էր մեկնում Լենինական։ Մենք շտապում էինք օգնել մարդկանց։ Ուրիշի ցավ չի լինում։ Դա իսկապես սարսափելի էր»։
40 րոպե տևողությամբ ֆիլմը դիտելուց հետո հավաքվածներից շատերն արտասվել են, գրում է աղբյուրը։










