Հարվարդի համալսարան է վերադարձվել 35 տարի առաջ գողացված 18-րդ դարի բուրվառը

14:57 • 22.01.14

Ամերիկյան Հարվարդի համալսարան է վերադարձվել 18-րդ դարի չինական բուրվառը, որը գողացվել էր այնտեղից 35 տարի առաջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

1942-ին գործարար և հավաքորդ Էռնեստ Դեյնն այդ բուրվառը նվիրել է Հարվարդի հնագույն թանգարանին՝ Ֆոգի պատկերասրահին, որը գտնվում է Քեմբրիջ քաղաքում (Մասաչուսեթս նահանգ)։ 1979-ին թանգարանը ոչ մեծ ցուցադրություն է կազմակերպել, որտեղից թանկարժեք արվեստի գործը գողացվել է։

 

Թանգարանի աշխատակիցներն անհապաղ դիմել են ոստիկանություն, սակայն բուրվառը հնարավոր է դարձել հայտնաբերել միայն 3 տասնամյակ անց։ 2009-ին ինչ-որ մեկն այն բերել է Հոնկոնգում Sotheby’s աճուրդի տուն, սակայն ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել։

 

«Արվեստի կորած գործերի ռեեստր» ընկերության օգնությամբ աճուրդի տունը պարզել է, որ այդ բուրվառը հենց այն է, ինչ գողացվել է Հարվարդից։ Գործին միացել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որն էլ կազմակերպել է բուրվառի վերադարձը։