Լոպե դե Վեգայի՝ նախկինում չհրապարակված պիեսի կրկնօրինակը հայտնաբերվել է Իսպանիայում

13:28 • 23.01.14

Հայտնի իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգայի՝ նախկինում չհրապարակված պիեսի կրկնօրինակը հայտնաբերվել է Իսպանիայում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով El Mundo պարբերականին։

 

ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարանից հետազոտող Ալեխանդրո Գարսիա Ռեյդիի հայտնաբերած պիեսը կոչվում է «Կանայք և սպասավորները»։

 

Կատակերգությունը պատմում է Մադրիդում ապրող երկու քույրերի, նրանց փեսացուների և սպասավորների մասին։ Տվյալ ստեղծագործությունը, որի մասին հիշատակումներ են եղել 1613-1614թթ., կորել է մոտ 400 տարի առաջ։

 

56 էջից բաղկացած աշխատանքը, որը գրված է 17-րդ դարի ձեռագրով (հավանաբար, այն կրկնօրինակել է դրամատուրգ և բեմադրող Պեդրո Վալդեսը), հայտնաբերվել է Մադրիդի Ազգային գրադարանում։ Համաձայն նկարագրության՝ այդ միակ նմուշը հայտնվել է գրադարանում 1886թ. Օսունա դուքսերի արխիվի հետ միասին։