Եգիպտոսում առաջին անգամ համասեռամոլների մասին ֆիլմ է նկարահանվել

00:39 • 24.01.14

Համասեռամոլների խնդիրներն արծարծող առաջին գեղարվեստական ֆիլմն է նկարահանվել Եգիպտոսում, սակայն հարցի նրբությունից ելնելով՝ կինոքննադատներն ազատ վարձակալության հնարավորություն չեն ընձեռել մարդկանց: Ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է Դուբայի կինոփառատոնում,  կարելի է դիտել հատուկ պատվերով՝ ազգային կինոթատրոններից մեկում: Այս մասին հաղորդում է ИТАР ТАСС-ը:

 

«Ընտանեկան գաղտնիքներ» վերնագրով  ֆիլմը պատմում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մի երիտասարդի ողբերգության մասին, ով փորձում է գտնել իր հիվանդության բուժումը: Սյուժեի հիմքում եգիպտացի երիտասարդի կյանքի իրական դեպքերն են: Ֆիլմում նկարահանվել են մեծ թվով երիտասարդ և հանդիսատեսին լավ հայտնի դերասաններ:


Նկարահանող խումբը շատ դժվարությունների միջով է անցել: Քննադատները կտրականապես դեմ են եղել ֆիլմի ցուցադրությանը, հատկապես՝ դժգոհություն են առաջացրել ֆիլմի 13 տեսարանները, խոսելաոճը, ինչպես նաև՝ որոշ դրվագներ, որոնք համարել են անընդունելի:

 

Դուբայի կինոփառատոնին մասնակցելուց հետո ֆիլմը Կահիրեում «Միայն մեծերի համար» խորագրով հատուկ ցուցադրման իրավունք է ստացել: Իսլամի համաձայն՝ համասեռամոլությունը մեծ մեղք է և արաբերենից թարգմանաբար  նշանակում է սեռական շեղում: