«Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնին ներկայացված հայ ուսանողների ֆիլմերը ֆավորիտների եռյակում են

11:48 • 24.01.14

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Այս մասին տեղեկացնում է ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունը։


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերն անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:


Ուսանողական չորս ֆիլմերը այս պահին ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ: Մրցութային փուլում են նաև թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից և Վրաստանից:


Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում են հետևյալ ֆիլմերը.


Արեն Մալաքյան. «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս


Լուսինե Պապոյան. «Պատահական հանդիպում», Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս


Նահապետ Սարգսյան. «Тоска», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս


Անդրանիկ Հարությունյան. «Հեքիաթ», Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս


Տեղեկացնենք նաև, որ փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ: