Գերմանիան նոր թեկնածուներ է առաջարկել Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի համար

12:45 • 24.01.14

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաջորդ տարի կքննարկի Կարոլինգների ժամանակաշրջանի աբբայությունը, Շպայխերշտադտը (Համբուրգ) և Նաումբուրգի մայր տաճարը Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու Գերմանիայի հայցը, գրում է Deutsche Welle-ն:

 

Համապատասխան դիմումը ներկայացվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն, որն էլ, իր հերթին, մինչև փետրվարի 1-ը կուղարկի այն Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը հայցը կքննարկի 2015թ.ամռանը:

 

1885-1927 թթ. ընթացքում Համբուրգում կառուցված Շպայխերշտադտը համարվում է աշխարհում խոշորագույն պահեստային տարածքների թաղամասը: Շպայխերշտադտին մոտ գտնվող գրասենյակային տարածքն իրենից մեծ արժեք է ներկայացնում՝ որպես Գերմանիայում 1920-ական թթ. ուրբանիստական կառուցապատման հուշարձան, այն նաև առաջին բացառապես գործնական թաղամասն է Եվրոպայում:

 

Նաումբերգի 13-րդ դարի մայր տաճարը ներկայացվել է որպես « լանդշաֆտային մշակույթի ամենավառ օրինակ Ունստրուտ գետի` Զալե գետը թափվելու հատվածում»: