Գրել պարզ, բայց՝ ո´չ հասարակ. գրականագետները` Սևակի և նրա անտիպ էջերի մասին

23:09 • 24.01.14

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Պարույր Սևակն ունի մեծ արխիվ, որն առ այսօր նրա ժառանգները տարբեր պատճառաբանություններով և տարբեր հանգամանքներից ելնելով՝ դեռևս չեն բացում: Այս մասին ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ նշելով, թե իր տվյալներով՝  գրողը նույնիսկ անտիպ ամբողջական վեպ ունի։ Այսօր հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան օրն է. այդ կապակցությամբ Tert.am-զրուցեց գրականագետների հետ։

 

«Ինչքան տեղյակ եմ՝ այս տարի պետք է տպագրվեր։ Բայց չգիտեմ՝ ընթացքն ինչ փուլում է։ Այս տարի էլ Սևակի 90-ամյակի առիթով տպագրվելու է Սևակի «Պոեմներ» ժողովածուն, որը նրա որդի Արմեն Ղազարյանն է կազմել, որում ևս, ըստ ինձ հասած տվյալների, կլինեն անտիպ գործեր»,-ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

 

Պարույր Սևակը ծնվել է 1924 թ.–ի այս օրը՝ հունվարի 24-ին, Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում:

 

Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, թե երբ 1974 թ-ին լույս տեսավ Ալբերտ Արիստակեսյանի՝ Սևակի մասին առաջին մենագրությունը, հրապարակվեցին բազմաթիվ նյութեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Սևակն իսկապես ունի բազմաթիվ անտիպ գործեր։

 

Գրականագետը նկատեց, թե այդուհանդերձ՝ Պարույր Սևակի մեծությունը գնահատվում է ավելի շատ իներցիայի ուժով, քան՝ նրա մեծությամբ. «Որովհետև Սևակին իսկապես հատկանշական, բնորոշ գործերն այդքան շատ չեն շրջանառվում, քան Սևակի, այսպես ասած, ոչ այդքան հաջողված գործերը։ Եվ ես կարծում եմ, որ Սևակին այդքան շատ սիրելով, պաշտելով հանդերձ մեր ընթերցող հասարակությունը, նույնիսկ՝ սևակապաշտ երիտասարդները, տարբեր տարիքի մարդիկ Սևակի լավագույն ստեղծագործություններին ծանոթ չեն և ինտերնետում, տարբեր վիրտուալ տարածություններում շրջանառվում են ոչ լավագույն բանաստեղծությունները»։

 

Իսկ թե ինչո՞ւ են ընթերցասերների տեսադաշտից դուրս մնացել այդ գործերը, Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Նրա ֆենոմենն իսկապես զարմանալի է, և այն քաղաքացիական բարձր խոսքը, որ նա բերում էր, զգացմունքների բազմազանությունը, ինչ-որ տեղ՝ ճակատային խոսքը, որ բնորոշ էր Սևակի պոեզիային. դա է պատճառը, որ նրան առ այսօր շարունակում են չափազանց բարձր գնահատել։ Բայց ինձ ցավ է պատճառում այն, որ սերը Սևակի նկատմամբ շատ դեպքերում կույր է և չի առնչվում նրա ստեղծագործության իսկապես տաղանդավոր խորքերին։ Իմ կարծիքով՝ Սևակն առ այսօր իր իրական մեծությամբ հաստատված և գնահատված չէ»,-ասաց նա և նշեց, որ իրավիճակը շտկելու համար պետք է ընդամենը՝ Սևակի մի լավ հատընտիր տպագրել։

 

«Որտեղ շեշտը կդրվի ո´չ թե նրա՝ լայն ճանաչում ստացած գործերի վրա, այլ՝ նրա լավագույն բանաստեղծությունների վրա, որոնցով Սևակն իսկապես նոր մակարդակ է նվաճել մեր պոեզիայի մեջ»,-ասաց նա։

 

Բացի այդ՝ գրականագետը խորհուրդ տվեց ասմունքողների մեծամասնությանը՝ չփչացնել Սևակի պոեզիան։ «Պետք է քայլեր ձեռնարկել այդ պաթետիկ զեղումներից ազատվելու ուղղությամբ և մեր հասարակությանը հրամցնել այն գործերը, որոնցով նա իսկապես մեծ բանաստեղծ է»,-ասաց նա։

 

Գրականագետ Գայանե Մալումյանը Tert.am-ի հետ զրույցում խոսեց Սևակի նորարարության մասին։ «Որպես նորագույն գրականության շարունակող՝ Չարենցից հետո հենց Սևակն է, միանշանակ։ Սևակն առանձնանում է մյուսներից. ինքն ասում էր այսպես՝ «նորարար՝ չի նշանակում՝ ասել ոչ, այլ ասել այո, բայց...»։ Այսինքն՝ ինքը չի ժխտում ոչ դասական ավանդույթները, ոչ բանահյուսական ժանրը, ոչինչ չի ժխտում։ Ինքը համաձայն էր, որ դրանք լինեն, բայց գրել այնպես, ինչպես գրել են այն ժամանակ՝ համարում էր, որ արդեն անիմաստ է։ Ըստ նրա՝ վարդի ու սոխակի ժամանակներն անցել են, և 20-րդ դարի մարդուն պետք է ո՛չ թե հասարակ վարդի, սոխակի պոեզիա, կամ ինչ-որ հույզ ու սիրտ ունեցող հովվական սրինգ, այլ բազմազանություն, պետք է սիմֆոնիկություն, ինչպես ինքն էր ասում։ Այսինքն՝ նորարարությունը պահանջում է նոր գինի՝ նոր տիկերի մեջ, պետք է փոխել և՛ բառերը, և՛ բառերը գրելու ձևը։ Ասում էր՝ «գրել պարզ, բայց՝ ո՛չ հասարակ և ո՛չ թե գրել հասկանալի, այլ՝ հասկացված, որ ընթերցողի մակարդակին չիջեցնի գրածը, այլ ընթերցողը բարձրանա իր մակարդակին»,-ասաց գրականագետը։

 

Գայանե Մալումյանը նույնպես տեղյակ էր բանաստեղծի՝ չհրապարակված էջերի մասին։ «Այո՛, կա անտիպ էջերի արխիվ, որտեղ շատ նյութեր կան, և այդ նյութերը տղան փակ է պահում։ Մենք շատ ենք ջանում, որպեսզի Սևակի արխիվը դառնա մեր սեփականությունը, որովհետև վախ կա, որ եկող սերնդին դա գուցե այդքան էլ չհետաքրքրի»,-ասաց նա։ Իսկ թե ինչն է պատճառը՝ Գայանե Մալումյանը խնդրեց այդ հարցն ուղղել Արմեն Ղազարյանին։