«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ներառված չի եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում. մշակույթի փոխնախարար
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը երբևէ ներառված չի եղել հուշարձանների ցանկում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Նա ընդգծեց, որ հաճախ շրջանառվում է այն հարցը, որ այդ շենքը պատմամշակութային հուշարձան է, բայց դա իրականությանը չի համապատասխանում:
«Ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այն հուշարձան չի եղել: Բայց միևնույն ժամանակ, որպես ճարտարապետ, մասնագիտորեն կարող եմ ասել, որ այդ շենքն իրենից շատ հետաքրքիր, այդ ժամանակաշրջանին բնորոշ ճարտարապետական կառույց է և, իհարկե, գտնվում է կոնստրուկտորական ոչ բարվոք վիճակում»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ այն չի ներառվել պատմամշակութային հուշարձանների ցանկում, փոխնախարարը պատասխանեց, որ առաջին հերթին նման հայտ չի եղել:
«Բացի այդ, հուշարձանի կարգավիճակ ստանալը որոշակի գործընթաց է ենթադրում: Սովորաբար մենք դիտարկում ենք 30-50 տարվա վաղեմություն ունեցող շինությունները: Այդ պատճառով անգամ չի էլ քննարկվել այդ հարցը, ոչ թե քննարկվել ու մերժվել է»,-ասաց նա:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը սկսել է շահագործվել 1980թ-ին։ Օդանավակայանի նոր շենքի կառուցումից հետո քննարկվում է հին շենքի քանդման հարցը։ Այս խնդրին անդրադարձել է հանրային խորհուրդը։










