Մարգարիտ Եսայանը թոռնիկին այնքան հեքիաթ է պատմել, որ դրանք «վերջացել» են և նա հորինել է, ինչից ծնվել է գիրք
Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի 7 հեքիաթներից բաղկացած «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը, որի նկարազարդումը Մարգարիտ Եսայանի 6 տարեկան թոռնիկ Ցողիկ Վարդանյանինն է, իսկ գաղափարը ծնվել է նրա հետ զրույցներից:
«Միշտ Ցողիկը ասում էր՝ տատ՛ա, հեքիաթ պատմիր, ու երբ ես արդեն բոլոր հեքիաթները արդեն պատմել էի ու ինքը արդեն գիտեր, սկսեցի արդեն հորինել էդ հեքիաթները: Հետո միտք հղացավ, ասացի՝ գրեմ»,- Tert.am –ի հետ զրույցում հանրապետական պատգամավորը պատմեց, թե ինչպես ծնվեց գիրքը:
Մարգարիտ Եսայանի գիրքը կարդացած ընկերներից մի քանիսը նրան ասել են, որ սրանք իրականում տողատակերով հեքիաթներ են:
«Եվ ինչ չափով, որ վերաբերում են փոքրերին, նույն չափով կամ գուցե ավելի, վերաբերում են մեծերին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Սա նրա հեղինակային երկրորդ, իսկ կազմած և խմբագրած երրորդ գիրքն է:
Առաջին գիրքը («Տիեզերական») Մարգարիտ Եսայանի՝ 1966 թվականից անհետ կորած համարվող հորեղբոր՝ Ռաֆայել Բազիկյանի կորած բանաստեղծությունների տպագրությունն է, որը ներառում է ինչպես Ռաֆայել Բազիկյանի բանաստեղծությունները, այնպես էլ նրա ընկերների հուշերը՝ բանաստեղծի մասին։
Իսկ երկրորդ գիրքն արդեն հեղինակային է՝ «Գժանոց կամ թեժ աշուն» պատմվածքների ժողովածուն, որտեղ դրանք ներկայացված են նաև եռալեզու՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Մինչև փետրվարի 19-ը՝ Գիրք նվիրելու օրը, Մարգարիտ Եսայանը ծրագրում է տպագրության հասցնել հեղինակային երրորդ գիրքը, որտեղ ևս լինելու է հեքիաթ:
«Երկու աշխատանքային վերնագիր կա. կամ «Սևի սպիտակը», կամ «Ագռավների մոլորակը»,- ներկայացրեց Մարգարիտ Եսայանը։
Ի պատասխան դիտարկմանը, թե գրքերի գերակշռող մեծամասնությունը բաժին են ընկնում իր ոչ թե լրագրողական, այլ պատգամավորական գործունեությանը, Մարգարիտ Եսայանն ասաց, որ իրականում լրագրությամբ զբաղվելիս էլ որոշ բաներ ուներ գրած, հիմնականում՝ բանաստեղծություններ, որոնք չէր տպագրում:
«Եվ իմ հեղինակային առաջին գիրքը՝ «Գժանոց կամ թեժ աշուն», գրել եմ մինչև պատգամավոր դառնալս, բայց պատմվածքները գիրք դարձան և տպագրվեցին 12 թվականի աշնանը, որովհետև ով, ով, բայց Դուք լավ պետք է իմանաք, որ օրաթերթային օպերատիվ աշխատողը, ով ամեն օր ստիպված է լուրեր, հարցազրույցներ, նյութեր տալ, ունի ամբողջովին լցված օր: Բայց այս աշխատանքում մի քիչ, կարծես, ժամանակ գտա զբաղվելու: Այսինքն՝ այն մտքերը, որ կան, կարողանում եմ գիշերային կամ աշխատանքից դուրս ժամերին թղթին հանձնել»,-համաձայնեց Մարգարիտ Եսայանը:
Նրա գրքերից ոչ մեկը վաճառքում չեն և նախատեսված են մարդկանց նվիրելու համար, թեև բոլորն էլ, ըստ Մարգարիտ Եսայանի՝ տպագրվել են առանց որևէ հովանավորի, իր անձնական ծախսերով:










