2013 թվականի Բեռլինյան կինոփառատոնի լավագույն դերասանը բնակություն է հաստատել փախստականների ճամբարում
Բոսնիացի Նազիֆ Մուժիչը, որն անցած տարի «Արծաթե արջի» էր արժանացել Բեռլինի 63-րդ կինոփառատոնում՝ տղամարդու լավագույն դերի համար, ապաստան է խնդրել Գերմանիայում և արդեն մի քանի ամիս է՝ իր ընտանիքի հետ ապրում է Բեռլինի փախստականների համար նախատեսված ճամբարում։ Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Berliner Morgenpost թերթի էլեկտրոնային տարբերակին:
Բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Երկաթ հավաքողի կյանքից դրվագ» ֆիլմն անցած տարի ստացել էր ժյուրիի գրան-պրիին և դարձել փառատոնի բացահայտումներից մեկը:
Ֆիլմի հիմքում է Մուժիչի ընտանիքի իրական պատմությունը, դերասանների խաղացած դերերը ինքնակենսագրական են: Ֆիլմը պատմում է գնչուների մեծ ընտանիքի առօրյայի մասին, ովքեր պայքարում են աղքատության և անարդարության դեմ:
«Մուժիչը նոր դերեր չի ստացել մրցանակի արժանանալուց հետո, հավանաբար՝ այն պատճառով, որ պրոֆեսիոնալ դերասան չէր: Նա հայրենիքում աղբահան էր աշխատում մոտ 350 եվրոյով»,– գրում է Berliner Morgenpost-ը:
Նրա մրցանակի գումարային բաղկացուցիչը մոտ 1,3 հազար եվրո է կազմել, ինչն առանձնապես չի բարելավել Մուժիչի ընտանիքի ֆինանսական գործերը: Դա ստիպել է նրանց՝ երջանկություն փնտրել Գերմանիայում:










