Բրոդվեյի դերասանները ծաղրական մյուզիքլ են պատրաստել Ռուսաստանում գեյ-պրոպագանդայի արգելքի մասին (տեսանյութ)
Բրոդվեյի դերասանները Սոչիի Օլիմպիադայից առաջ համացանցում տեղադրել են «Սեր և պատիժ» («Love and Punishment») ծաղրական մյուզիքլը, որը ծաղրում է ՌԴ–ում անչափահասների շրջանում միասեռականության պրոպագանդայի արգելքի մասին օրենքը։ Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Huffington Post-ը:
Համաձայն տեսանյութի սյուժեի՝ իշխանությունները փակում են ռուսական «Բրոդվեյը», քանի որ նրա բոլոր ներկայացումները միասեռականության պրոպագանդա են կրում իրենց մեջ: Դրան ի պատասխան դերասանները ներկայացում են բեմադրում, որտեղ պատմվում է ռուսական պատմության տարբեր ժամանակաշրջաններից երեք միասեռական զույգերի պատմությունը:
Մյուզիքլում կա նաև Վլադիմիր Պոտինի կերպարը, ում կինը, հեղինակների մտահղացմամբ, հեռանում է ուրիշ կնոջ մոտ:Ամուսնական դավաճանության արդյունքում Պուտինը պատռում է իր վերնաշապիկը և հանդես գալիս «ԼԳԲՏ» շարժման դեմ:
Տեսանյութի ռեժիսորը Ջոն Ուոլթոն Ուեսթն է, իսկ կոմպոզիտորը՝ Ջեյսոն Մայքլ Սնոուն: Տեսանյութում նկարահանվել են Բրոդվեյի այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Ջոնաթան Գրոֆը, Մայքլ Ուրին և Էնդրյու Ռենելսը, ովքեր բացահայտ միասեռականներ են:










