Սենեգալի մշակույթի նախարարը ԿԱՀ-ում խաղաղության կոչով երգ կձայնագրի

11:36 • 27.01.14

Աֆրիկայի ամենահայտնի երգիչներից մեկը՝ սենեգալցի Յուսու Ն’Դուրը, ով 2012թ. նշանակվել է այդ երկրի մշակույթի նախարարի պաշտոնում, հայտնել է, որ մտադիր է նոր երգ ձայնագրել, որը կոչ կանի խաղաղություն հաստատել մուսուլմանների ու քրիստոնյաների բախումների հետևանքով ներքաղաքական ճգնաժամում հայտնված Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, հեղինակավոր Grammy մրցանակի արժանացած, 7seconds համաշխարհային հիթի կատարող  Ն’Դուրը, ով իսլամի հետևորդ է, աշխատում է ԿԱՀ-ից քրիստոնյա երգչուհի Իդիլիա Մամբայի հետ նոր զուգերգի վրա։ Այս կերպ սենեգալցի նախարարը փորձում է ցույց տալ, որ 2 կրոնների ներկայացուցիչների միջև ներդաշնակությունը հնարավոր երևույթ է։

 

ԿԱՀ-ը հերթական ներքաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել անցած տարվա վերջին։ Դեկտեմբերի սկզբին բախումներ են տեղի ունեցել իսլամիստ գրոհայինների ու քրիստոնյա ընդդիմադիրների միջև, ինչի հետևանքով մոտ 2 մլն մարդ ստիպված է եղել լքել իր բնակության վայրը։ Իսկ զոհերի թիվն անցնում է 1.000-ը։