Նյու Յորքում աճուրդի են հանվել նացիստների գողացած կտավները

15:13 • 28.01.14

Նյու Յորքում Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել 4 կտավ, որոնք նացիստները գողացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանք այժմ վերադարձվել են տերերին կամ նրանց ժառանգներին՝ մի խումբ արվեստաբանների և թանգարանների սեփականատերերի շնորհիվ, որոնք զբաղվում են գողացված արվեստի գործերի որոնումներով, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Ինչպես նշել է աճուրդի տան ներկայացուցիչը, վաճառքի հանված կտավներից 2-ը պատկանում են ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Պատերի վրձնին. նկարները գողացվել էին 1940-ին, իսկ 1945-ին վերադարձվել Ռոտշիլդ ընտանիքի ներկայացուցիչներին և մնացել նրանց մոտ մինչ 20-րդ դարի վերջ։

 

Աճուրդում կներկայացվեն նաև իտալացի նկարիչներ Ֆրանչեսկո Գվարդիի և Ապոլոնիո դի Ջովանիի նկարները։

 

Վաճառքի հանված բոլոր կտավների վրա պահպանվել են նացիստների արած նշանները, որոնք գրանցում էին առգրավված արվեստի բոլոր գործերը։ Բոլոր 4 կտավները կվաճառվեն հունվարի 30-ին։