Ադրբեջանցիներն օրեցօր վարկաբեկում են իրենց չունեցած գիտությունը. պատմաբանը՝ Ալիևի հայտարարության մասին

19:16 • 29.01.14

Անհեթեթությունների հասնող վարկածներ առաջ քաշելով՝ ադրբեջանցիներն օրեցօր վարկաբեկում են իրենց չունեցած գիտությունը: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, թե ներկայիս Հայաստանի տարածքն ադրբեջանական պատմական հողեր են, այսպիսի տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

 

«Այս խնդրին ես շատ հանգիստ եմ վերաբերում, որովհետև նման ճչացող կեղծարարության պայմաններում կիսագրագետ մարդն իսկ կարող է թացը չորից տարբերել»,-ասաց պատմաբանը:

 

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին ադրբեջանական պատմագրության կեղծարարությունը Մոսկվայի առկայության պայմաններում մի փոքր չափավորված էր:

 

«Կեղծիքը կատարվում էր շատ զգույշ, նուրբ, օտարների ձեռքով, որպեսզի ճչացող չլիներ: Հիմնականում դա վերաբերում էր այն տարածքներին, որոնք իրերի բերումով 1921 թվականին հայտնվել էին Ադրբեջանի կազմում, մասնավորապես՝ խոսքը Նախիջևանին և Ղարաբաղին էր վերաբերում»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանն առանց արտաքին օգնության գոյություն ունենալ չի կարող. «Ոչ թե զարգանալ, նույնիսկ ապրել չի կարող, նույնիսկ նրանց բարձրաստիճան պաշտոնյաներն են խոստովանում, որ առանց արտերկրի օգնության չեն կարող։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանց ագրեսիվ քաղաքականությունը նրանց այդ վիճակին է հասցրել։ Նայեք Ադրբեջանին, որպես պետություն զարգացել է վերջին 20 տարիների ընթացքում՝ չնայած օկուպացիային և դժվարություններին։ Այդ զարգացումը շարունակական է լինելու։ Թող ոչ ոք չկասկածի։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հողեր։ Մեր պատմական հողերը չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով և հարակից շրջաններով։ Եթե ուշադրություն դարձնենք 19-րդ դարի պատմությանը, ապա հնարավոր կլինի նկատել, որ ադրբեջանցիների բնակավայրերը շատ ավելի լայն են եղել։ Ներկայիս Հայաստանի տարածքը, իրականում, ադրբեջանական պատմական հողեր են։ Դրա համար էլ մենք ապագայում վերադառնալու ենք մեր պատմական հողերը։ Թող դա իմանան և՛ երիտասարդները, և՛ երեխաները։ Մենք պետք է ապրենք, ապրում ենք և ապրելու ենք այդ գաղափարով»։

 

 

Արձագանքելով այս հայտարարությանը՝ պատմության ինստիտուտի տնօրենն ասաց, թե հետխորհրդային տարիներին նավթադոլարների պարագայում ադրբեջանցիները չափուսահմանը կորցրին, սկսեցին գրել, թե ո՛չ միայն վերոհիշյալ տարածքները, այլ նաև Զանգեզուրն է ադրբեջանական տարածք, այնուհետև էյֆորիայի մեջ առաջ գնալով՝ սկսեցին գրել, թե Սևանա լճի ավազանն է ադրբեջանական տարածք, և հասան բուն Արևելյան Հայաստանին՝ Արարատյան դաշտին:

 

«Խաչքարային արվեստը համարեցին «խաչդաշային» արվեստ և անամոթաբար սկսեցին Երևանն ադրբեջանական քաղաք համարել, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ աղվանական հոգևոր կենտրոն»,-նկատեց պատմաբանը:

 

Ի դեպ, Աշոտ Մելքոնյանը որպես օրինակ նշեց այն, որ մոտ չորս տարի առաջ, երբ ՌԴ նախագահը Մեդվեդևն էր, նրա անձնական կայքում դրված է եղել մի նյութ՝ ռուս պրոֆեսորներ Դանիլովի և Ֆիլիպովի խմբագրությամբ: «Գիրքը կոչվում էր՝ «Պատմության աղավաղումը հետխորհրդային հանրապետություններում, դպրոցական դասագրքերում», որտեղ հենց այդ փաստերն են բերվում, որ ադրբեջանցիներն այնքան են կեղծիքի մեջ խորացել և կուրացել, որ սկսել են Երևանն ադրբեջանական քաղաք համարել, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ աղվանական հոգևոր կենտրոն»:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջան երկրին, ապա պատմաբանի խոսքով, դա մի երկիր է, որ անուն չուներ, այդ անունը գողացվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ատրպատական երկրից և տրվել այդ երկրին՝ որպես պայմանական մի երկրամաս. «Դրա նպատակը հետագայում նաև իրական Ատրպատականն այդ կեղծ Ադրբեջանին միացնելն էր, որ 1936 թվականին ստացավ էթնիկական իմաստ: Իսկ «ադրբեջանցի» աշխարհագրական հասկացությունը, որը նշանակում է Ատրպատական երկրի բնակիչ, տարածվեց այսօրվա կովկասյան թաթարների՝ շիա թուրքերի վրա, որոնք ապրում են Կասպից ծովի արևմտյան ափին: Պայմանականորեն այն սկսեց կոչվել Ադրբեջան, երկրի բնակիչներն էլ՝ էթնիկական առումով՝ ադրբեջանցիներ, որը գիտության հետ որևէ կապ չունի, և զուտ քաղաքական նկատառումների արդյունքում է այս կեղծիքը ծնվել»,-ընդգծեց պատմաբանը:
Ի դեպ, Աշոտ Մելքոնյանն ասաց նաև, որ վերոնշյալ գրքում ռուս պրոֆեսորները քննադատում են Ադրբեջանին ո՛չ միայն հայոց պատմությունը կեղծելու համար, այլ նաև՝ մյուս հարևանների, այդ թվում նաև՝ վրացիների, պարսիկների, ռուսների:

 

Աշոտ Մելքոնյանն ասաց, թե երբ պատմաբանին նավթադոլարով գայթակղում են, նա ամեն տեսակի ցնդաբանություն կարող է դուրս տալ: «Չմոռանանք, որ երբ 2005 թվականին Իլհամ Ալիևը ելույթ էր ունենում իրենց ակադեմիայում, հայտարարեց, թե ինքը պատրաստ է ցանկացած գումար տրամադրել ադրբեջանցի գիտնականներին, որպեսզի նրանք ապացուցեն, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է,-հիշեցրեց պատմաբանը, հավելելով,-միայն խորհրդային տարիներին կարելի էր նման բան անել, երբ գիտնականի առջև քաղաքական պատվեր էր իջեցվում»:

 

Հայաստանը՝ Պեգասի տեսքով Ասիայի քարտեզում (Asia Secunda Pars Terrae in forma Pegasi, Heinrich Bünting, 1581)

 

Այն գերմանացի աստվածաբան Հենրիխ Բունտինգի (1545–1606) Itinerarium Sacrae Scripturae աշխատության մեջ տեղ գտած 10 քարտեզներից մեկն է. հեղինակը վերարտադրել է Աստվածաշունչը որպես ճանապարհորդական գիրք՝ յուրօրինակ մոտեցում ցուցաբերելով քարտեզագրությանը: Ասիան նա պատկերել է հունական դիցաբանության հայտնի թևավոր ձիու՝ Պեգասի տեսքով: