Գողացել են Միլուոկի քաղաքի Սիմֆոնիկ նվագախմբի Ստրադիվարիուսի ջութակը

08:53 • 29.01.14

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի Սիմֆոնիկ նվագախմբից գողացել են Ստրադիվարիուսի ջութակը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։


Լյուտերական քոլեջի ավտոկայանատեղիում համերգից հետո ուշ երեկոյան կոնցերտմայստեր Ֆրանկ Էլմոնդին է մոտեցել հանցագործը, հարվածել նրան էլեկտրաշոկերով և գողացել ջութակը։


Ոստիկանները կարծում են, որ հանցագործին հետաքրքրել է հենց Ստրադիվարիուսի ջութակը։ Հայտնաբերել հանցագործին դեռևս չի հաջողվել։


Ջութակը պատրաստվել է 1715-ին և հայտնի է որպես «Լիպինսկու Ստրաիդիվարիուս». այն պատկանել է լեհ ջութակահար և երգահան Կառոլ Լիպինսկուն։


Ոստիկանությունը և նվագախմբի ղեկավարությունը չեն նշում ջութակի արժեքը՝ ասելով միայն, որ խոսքը «յոթանիշ» գումարի մասին է։