«Մենակության շտամպը» նույնասեռականություն է քարոզում, հեղինակներին էլ պետք է դատապարտել. Խաչիկ Ստամբոլցյան

15:36 • 30.01.14

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, թե Հայաստանում վաճառքի է հանվել նույնասեռականություն քարոզող գիրք և ասաց, թե հեղինակներին պետք է դատապարտել։


Գիրքը կոչվում է «Մենակության շտամպ», որի խմբագիրը Վահան Իշխանյանն է, տպագրությունը ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից, լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է։


«Գրքի շնորհանդեսն արվել է մոտ երկու ամիս առաջ, ես այն առգրավել եմ, գրախանութներում վաճառքի է հանված տասնմեկ հազար դրամով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դատապարտել է պետք հեղինակներին, իսկ գիրքը անհապաղ հանել վաճառքից:


Անդրադառնալով գենդերային հավասարության մասին օրենքին՝ Խաչիկ Ստամբոլցյանը նշեց, որ այդ օրենքի կարիքը Հայաստանն առհասարակ չուներ:


«Այլասերման միջոցով փորձում են աշխարհը կառավարելի դարձնել: Եվ այսօր մեր առջև մեր արժեքների ոտնահարման խնդիր է դրված, նաև կա խնդիր ամեն ճանապարհով կրճատել մարդկության թիվը»,- ասաց նա և առաջարկեց, որ ՀՀ իշխանությունները չընդունեն գենդերի մասին այդ օրենքը։


«Մեր առաջարկն է պահանջել, որ այս օրենքը օրենքից դուրս ճանաչեն կամ պատրաստել հոդված, որ մանկապղծության, միասեռականության և նմանատիպ այլ քարոզչություններն արգելվեն»,- ասաց նա:


Բանախոսը նաև համոզմունք հայտնեց, որ կարծիքը, թե Հայաստանում այդ օրենքը չի ընդունվի, ընդամենը եվրոպական խաբկանք է: