Մեգ Ռայանը կէկրանավորի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը
Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը հանդես կգա կինոռեժիսորի դերում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Ռայանը մտադիր է էկրանավորել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը: «Մարդկային կատակերգության» սցենարով ֆիլմ արդեն նկարահանվել է 1943 թվականին, որտեղ գլխավոր դերում խաղում է Միքի Ռունին. սցենարիստի պաշտոնից հեռացված Սարոյանը գրել է իր գիրքն արդեն այն բանից հետո, երբ հեռացվել է ֆիլմի նկարահանումներից, գրում է gazeta.ru-ն։
Ռայանի ֆիլմը կկոչվի «Իթաքա»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի մասին պատմող ֆիլմում, բացի Ռայանից, կխաղան Մելանի Գրիֆիտը և դերասանուհու որդին՝ Ջեք Քուեյդը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերը կլինի Թոմ Հենքսը:
Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։










