Սարաևոյում սպանությունը 100 տարի անց կրկին վիճաբանության պատճառ է դարձել
Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունը 1914թ. հունիսի 28-ին Առաջին համաշխարհային պատերազմի սկսման պատճառ է համարվում։ Նրանց վրա կրակել է 19-ամյա սերբ ուսանող Գավրիլո Պրինցիպը։
100 տարի անց որոշ քաղաքական գործիչներ Բոսնիա և Հերցեգովինայում ցանկանում են կանգնեցնել էրցհերցոգի հուշարձանը, մյուսները՝ նրա մարդասպանի արձանը, գրում է Deutsche Welle-ն։
Կարծիքներն այս հարցի շուրջ տարբերվում են՝ կախված նրանից, թե որ ազգայնական ճամբարներին է պատկանում այս կամ այն քաղական գործիչը բոսնիացիներով, սերբերով և խորվաթներով բնակեցված Բոսնիա և Հերցեգովինայում։
Սերբ քաղաքական գործիչները պատրաստվում են Պրինցիպի հուշարձանը կանգնեցնել ոչ միայն Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, այլև Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում, ավելի ճիշտ՝ քաղաքի արևելյան հատվածում, որտեղ հիմնականում սերբեր են բնակվում։ Նրանց բոսնիացի ընդդիմադիրները հանդես են եկել այդտեղ սպանված էրցհերցոգ Ֆերդինանդի հուշարձանը տեղադրելու նախաձեռնությամբ։
Սարաևոյցի լրագրող Սենադա Պեչանինը կարծում է, որ ամբողջ հարցն ընտրություններն են, որոնք Բոսնիա և Հերցեգովինայում նախատեսված են 2014թ. աշնանը։










