Շվեդիայի Ումեո քաղաքում մեկնարկում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տարին

18:00 • 31.01.14

Շվեդիայի հյուսիսում գտնվող Ումեո քաղաքում հունվարի 31-ից փետրվարի 2-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տարվա բացմանը, գրում է Deutsche Welle-ն։

 

Ինչպես նշում են կազմակերպիչները, «Ումեո-2014» արշավի սկիզբը կհայտարարվի «Այրվող ձյուն» փառատոնով, որը կմիավորի լուսային արվեստի, երաժշտության և պարային էլեմենտներ։ «Ձմռան քաղաքն» անվանումով սառցե արձանների ցուցադրությունը տեսապատկերների և գրաֆիտիի ֆոնին՝ ևս վառ պահերից է միջոցառման ծրագրում։

 

Ումեոն խոշոր համալսարանական քաղաք է, որի բնակչության 1/3-ն ուսանողներ են, ինչպես նաև բժշկական հետազոտությունների հայտնի կենտրոն։ Բացի այդ, Ումեոն Շվեդիայի կարևոր մշակութային կենտրոններից է՝ օպերային թատրոնով, թանգարաններով և ամենամյա ջազային փառատոներով։

 

Տարվա շրջանակում նախատեսված է ավելի քան 300 համերգ, ցուցահանդես և գեղարվեստական նախագիծ։
Եվրոպայի 2-րդ մշակութային մայրաքաղաք է համարվում Լատվիայի մայրաքաղաք Ռիգան։