Երգչուհի Ալլա Լևոնյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդն է և ցավում է եկեղեցուց շեղված գործընկերների համար

14:17 • 03.02.14

Երգչուհի Ալլա Լևոնյանը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդն է և ցավում է շոու-բիզնեսի բոլոր այն անձանց համար, ովքեր ներգրավվել են տարբեր կրոնական կազմակերպություններում և այլևս հայկական եկեղեցու հավատացյալը չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց երգչուհին և ընդգծեց, որ նման բան ինքն ասել է հենց իր ընկերների հետ զրուցելիս:

 

«Բայց ամեն մարդ իրավունքը ունի ընտրելու, կրոնական պարտադրանք չի կարող լինել, նմանատիպ դեպքերում պահի լրջությունը պետք է հասկանալ նաև: Ոմանք ասում են, որ իրենք գնացին այդ կրոնական կազմակերպություն և իրեն օգնեցին: Ցավում եմ, որ հաճախ ֆիզիկական օգնության համար են գնում, բայց եկեղեցին հենց այնտեղ է, որտեղ դու կարող ես գտնել հոգևոր օգնությունը»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում պարբերաբար քննարկվում են մի շարք երգիչ–երգչուհիների կրոնական պատկանելությունները, նա ընդգծեց, որ ինքը որևէ բանից տեղյակ չէ, քանի որ սոցցանցերում գործունեություն չի ծավալում:

 

«Ես սա ավելորդ եմ համարում. այն անիմաստ ինֆորմացիան որ կա, ինձ անհրաժեշտ չէ, ես այդքան ժամանակ էլ չունեմ, երեք երեխաներ ունեմ: Ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր շեղվում են եկեղեցուց. մեր եկեղեցին մենք պետք է պահպանենք, այն մեր գոյատևման հիմքն է»,-ասաց երգչուհին: