Դերասան Բրեդլի Կուպերը Մոսկվա է տարել «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը
Հայտնի հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը ժամանել է Մոսկվա։ Դա նրա առաջին այցն է Ռուսաստան. դերասանը տարել է Դևիդ Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» քրեական կատակերգությունը, որը հավակնում է «Օսկար» մրցանակի 10 անվանակարգերում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Դերասանի այցի կազմակերպիչները նշել են, որ ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Կուպերը Մոսկվա է ժամանել անձնական ինքնաթիռով. «Կուպերին ուղեկցում են երկու գործակալ, անձնական խոհարարն ու անձնական մարզիչը։ Եվ դա հենց այնպես չէ՝ դերասանը պատրաստվում է նոր դերին, և իր ամբողջ ժամանակը ստիպված է տրամադրել մարզումներին՝ իր համար հատուկ մշակված ծրագրով։ Այդ պատճառով, նա չի կարողանա նույնիսկ ծանոթանալ Մոսկվայի տեսարժան վայրերին»,- ասել են կազմակերպիչները։
Կուպերը Մոսկվայում կմնա ընդամենը 24 ժամ. նա կհանդիպի լրագրողների հետ, այնուհետ կստորագրի իր անվանական աստղը, որը հետագայում կտեղադրվի Փառքի ծառուղում։ Երեկոյան նա կլինի ֆիլմի պրեմիերային։ Հինգշաբթի Կուպերը կմեկնի Բեռլինյան կինոփառատոնին մասնակցելու, որտեղ նույնպես կներկայացնի ֆիլմը։










