«Ճապոնացի Բեթհովենը» խոստովանել է, որ իր երաժշտության հեղինակն այլ մարդ է (տեսանյութ)

16:39 • 05.02.14

Ճապոնացի խուլ կոմպոզիտոր Մամորու Սամուրագոտին, ով հայտնի է որպես «ժամանակակից Բեթհովեն», պաշտոնապես խոստովանել է, որ ավելի քան 10 տարի երաժշտություն է պատվիրել այլ հեղինակի մոտ, գրում է РИА Новости-ն։

 

Սամուրագոտին, ով իր երաժշտական կարիերան սկսել է ոչ այնքան հաջող կերպով և ամբողջությամբ կորցրել լսողությունը 35 տարեկանում, հայտնի է դարձել, երբ լույս է տեսել նրա «Հիրոսիմա» թիվ 1 սիմֆոնիան՝ նվիրված իր ծննդավայրին։ Երաժշտության պրեմիերան կայացել է 16 տարի առաջ։ Սկավառակները վաճառվել են ավելի քան 180.000 տպաքանակով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է համարվում ժամանակակից սիմֆոնիկ երաժշտության համար։

 

Փաստաբանների միջոցով տարածված հաղորդագրությունում կոմպոզիտորը խոստովանել է, որ այդ սիմֆոնիան և ևս մեկ այլ հայտնի՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությունը հորինել է մեկ ուրիշը։

 

Այս լուրը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Սամուրագոտիի ստեղծագործությունները լայնորեն կիրառվել են հեռուստահաղորդումներում, սերիալներում, համակարգչային խաղերում և սպորտում։ Իրական հեղինակի անունը դեռ չի հրապարակվում։