Լեոնարդո Դի Կապրիոն և Ջոնա Հիլը կրկին կնկարահանվեն միասին

13:17 • 05.02.14

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կրկին կնկարահանվի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում իր գործընկեր Ջոնա Հիլի հետ։ Դերասանները կնկարահանվեն «Ամերիկյան մղձավանջ» դրամայում, որն Ատլանտայի Օլիմպիական խաղերի այցելուի մասին է, ում մամուլը որոշ ժամանակ համարում է ահաբեկիչ։ Ստեղծագործական դուետը կլինի նաև նոր ֆիլմի պրոդյուսերը, filmpro.ru-ն։

 

Fox ընկերության նախագիծը հիմնված կլինի իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել ամերիկացի Ռիչարդ Ջուելի հետ 1996-ին։ Ատլանտայի Կենտրոնական Օլիմպիական այգում համերգի օրը տղամարդն իր նստարանի տակ պայթուցիկով պայուսակ է նկատում։ Հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ նրան հաջողվում է մարդկանց մեծ մասին հեռու տանել վտանգավոր վայրից, սակայն ռումբը, միևնույն է, պայթում է։ Զոհվում է մեկ մարդ, ևս մեկը մահանում է սրտի կաթվածից, 100-ից ավելի մարդ ստանում է վնասվածքներ։

 

Ֆիլմի սյուժեի հիմքում Vanity Fair պարբերականում 1997-ին տպագրված լրագրողուհի Մարի Բրեների հոդվածն է, որում պատմվում է Ջուելի նկատմամբ մամուլի հալածանքների մասին։


Ըստ տեղեկությունների՝ Ջոնա Հիլը կկատարի Ռիչարդ Ջուելի, իսկ Դի Կապրիոն՝ փաստաբանի դերը։