Ճապոնական քաղաքի բնակիչները բարկացել են Մուրակամիի վրա
Ճապոնիայի հեռավոր քաղաքներից մեկի` Նակատոնբեցուի բնակիչներին բարկացրել է ճապոնացի հանրահայտ գրող Հարուկի Մուրակամիի վերջին պատմվածքը, հայտնում է France Presse-ը:
Վրդովմունքի պատճառն այն է, որ ճապոնացիները համաձայն չեն գրվածքում իրենց պատկերման հետ. պատմվածքում Մուրակամին մասնավորապես ասում է, որ այդ քաղաքի բնակիչները ծխախոտի քնթուկները մեքենաների լուսամուտներից դուրս են նետում: Խոսքը նոր` 24 էջանոց պատմվածքի մասին է, վերնագիրը` «Վարիր մեքենաս… տղամարդիկ առանց կանանց»: Դրա մի դրվագում երիտասարդ հերոսը մեքենայից դուրս է նետում իր ծխախոտի քնթուկը և մտածում. «Սա մի բան է, որն անում են Նակատոնբեցուի թերևս բոլոր բնակիչները»:
Հոկաիդո կղզում գտնվող քաղաքի իշխանությունները հայտնել են, որ բացատրություն են պահանջելու հրատարակչից:
65-ամյա Մուրակամիի գործերը բեսթսելերներ են, թարգմանվել են 40 լեզուներով, նրան համարում են Նոբելյան մրցանակի հավակնորդ:










