400 ֆիլմ 10 օրում. մեկնարկել է Բեռլինի կինոփառատոնը

11:25 • 06.02.14

Մեկնարկել է Բեռլինի 64-րդ միջազգային կինոփառատոնը, որի կազմակերպիչներն իրենց առաջ մեծ նպատակ են դրել` փառատոնային 10 օրերի ընթացքում 400 ֆիլմ ցուցադրել:

 

Ռուսաստանյան Առաջին ալիքի լրատվականը հայտնում է, որ փառատոնը կբացվի Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» ֆիլմով: Փառատոնի ամենաթեժ ֆիլմերից մեկը, ըստ ակնկալիքների, լինելու է Լարս ֆոն Թրիերի «Հեշտամոլ կինը». այստեղ տարվա ամենաաղմկահարույց ֆիլմը կցուցադրեն առանց գրաքննության, սակայն առայժմ տոմսերը վատ են վաճառվում. հնարավոր է՝ գերմանացիները ֆոն Թրիերին չեն ներել Հիտլերի հանդեպ իր համակրանքի խոստովանությունը:

 

Նշվում է, որ Բեռլինալեի կարմիր գորգն այս տարի առավել քան երբևէ աստղաշատ է լինելու. փառատոնին ներկա կլինեն Կատրին Դենյովը, Ումա Թուրմանը, Քեյթ Բլանշեթը, Ջորջ Քլունին, Բիլ Մյուրեյը, Մեթ Դեյմոնը և այլք:

 

Նշված աստղերի մասնակցությամբ ֆիլմերի մեծ մասը, սակայն, Բեռլինում կցուցադրվի ոչ մրցութային ծրագրերում:

Փառատոնի ֆավորիտ մրցութային ֆիլմերի շարքում են ճապոնացի ռեժիսոր Էձի Յամադիի «Փոքրիկ տունը» և բրազիլացի ռեժիսոր Կարիմ Աինուզայի «Ապագայի լողափը»: Սակայն, միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ Բեռլինալեի Ոսկե ու Արծաթե արջերի ճակատագիրն իրականում միշտ էլ անկանխատեսելի է: