Ճապոնացի «Բեթհովենն» իրականում խուլ չէ. նոր բացահայտումներ

16:00 • 06.02.14

Ճապոնացի կոմպոզիտոր Մամորու Սամուրագոտին, ով 15 տարի առաջ հայտարարել էր լսողության ամբողջական կորստի մասին և հայտնի դարձել որպես «ժամանակակից Բեթհովեն», իրականում առօրյա շփման հարցում ոչ մի խնդիր չի ունեցել լսողության հետ կապված։ Այդ մասին հայտարարել է նրա երաժշտական ստեղծագործությունների իրական հեղինակ Տակասի Նիիգակին, ով առաջին անգամ է բացահայտում իր անունը, գրում է РИА Новости-ն։

 

Նախօրեին Սամուրագոտին սկանդալային հայտարարություն էր արել այն մասին, որ «10 տարուց ավելի իր փոխարեն երաժշտություն է հորինում մեկ ուրիշը»։ Այդ թվում նրա այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպես «Հիրոսիմա» թիվ 1 սիմֆոնիան և ևս մեկ այլ հայտնի՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությունը։