Իսպանիայում հայտնաբերել են Ռաֆայելի կտավներից մեկը (լուսանկար)

00:23 • 06.02.14

Գրանադայի համալսարանի փորձագետների իրականացրած բազմակողմանի տեխնիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անհայտ նկարի հեղինակը Վերածննդի դարաշրջանի նկարիչ Ռաֆայելն է:

 

Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ նորահայտ կտավը կոչվում է «Փոքր Մադոննա դի Ֆոլինյո» (Madonna de Foligno pequeña): Բազմակողմանի վերլուծության արդյունքում գիտնական, պատմաբան Լուիս Ռոդրիգո Ռոդրիգեսը հայտնել է, որ նկարի ձևաչափից ելնելով, կարելի է պնդել, որ այն պատկանում է իտալացի նկարչի վրձնին:

 

Հայտնաբերված կտավը ճշգրիտ ուսումնասիրության ենթարկելու համար կիրառվել է ռենտգեն, ինչպես նաև ինֆրակարմիր լուսանկարչության վերլուծություն:

 

Ավելի վաղ արված մի շարք փորձարկումներ ցույց են տվել, որ «Փոքր Մադոննա դի Ֆոլինյո» կտավը նույնական վերարտադրությունն է «Մադոննա դի Ֆոլինյո» ստեղծագործության, որը ներկայում ցուցադրվում է Վատիկանի պատկերասրահում: