ԱԳ նախարարը ԱԳՆ մեդալ է հանձնել «Օտար, ամայի ճամփեքի վրա» նախագծի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանին

20:09 • 06.02.14

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան է հանձնել ԱԳՆ մեդալը։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

 

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Նա հավելել է, որ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով և ընդգրկուն բովանդակությամբ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության գնահատանքի համար, Ռաֆայել Հովհաննիսյանն ընդգծել է, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել «Օտար, ամայի ճամփեքի վրա» ստեղծագործական խմբերի աշխատանքներին։