Կամիլ Պիսսարոյի աշխատանքը Sotheby’s-ում ռեկորդ է սահմանել
Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կամիլ Պիսսարոյի «Մոնմարտրի բուլվարը. գարնանային առավոտ» կտավը փետրվարի 5-ի երեկոյան Լոնդոնում Sotheby’s-ի անցկացրած աճուրդում վաճառվել է 19,9 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 24 միլիոն եվրո), այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Sotheby’s-ի կայքին:
Այդկերպ՝ «Մոնմարտրի բուլվարը» Պիսսարոյի աշխատանքների գնի համար աճուրդային նոր ռեկորդ է սահմանել: Պիսսարոյի նկարների գնի նախկին ռեկորդը գերազանցվել է հինգ անգամ, նշել են Sotheby’s-ում:
«Մոնմարտրի բուլվարը» (1897) մտնում էր հայտնի հրեա արդյունաբերող Մաքս Զիլբերգերի հավաքածուի մեջ, որն առգրավել էին նացիստները: Զիլբերգերի ժառանգորդներին Պիսսարոյի նկարը վերադարձվել է 2000 թվականին: «Մոնմարտրի բուլվար»-ը ակնկալվում էր վաճառել ընդամենը 7–10 միլիոն ֆունտ ստերլինգով:
Իմպրեսիոնիստների աճուրդի մյուս թոփ-լոտերի մեջ է եղել Վան Գոգի վրձնին պատկանող կնոջ դիմանկարը, որը սպասում է ծովից իր ամուսնու վերադարձին: «L'Homme est en mer»-ը վաճառվել է 16,9 միլիոն ֆունտ ստերլինգով՝ դառնալով վերջին 25 տարիների ընթացքում Վան Գոգի՝ Լոնդոնի աճուրդից վաճառված ամենաթանկ աշխատանքը:










