«Լուսնոտը» գերիրական արձանը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում կանանց քոլեջում

10:40 • 06.02.14

Ներքնաշորով տղամարդու գերիրական արձանը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում Ուելսլիի կանանց քոլեջում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Boston Globe-ին:

 

«Լուսնոտը» արձանը տեղադրվել է Մասաչուսեթս նահանգի Ուելսլիի համալսարանական ավանի մարդաշատ հատվածում:


Հարյուրից ավելի ուսանող արդեն ստորագրել է խնդրագիրը՝ պահանջելով հեռացնել վախենալու արձանը:

 

«Մինչ որոշ մարդկանց այն կարող է հումորիստական թվալ կամ մտորումների համար նյութ դառնալ, այն արդեն դարձել է չափազանց մեծ սթրեսի աղբյուր Ուելսլիի քոլեջի շատ ուսանողների համար, որոնց մեծ մասն ապրում է, սովորում և աշխատում այս տարածքում»,- ասված է խնդրագրում:

 

«Լուսնոտը» արձանը քոլեջի թանգարանում քանդակագործ Թոնի Մատելիի ցուցահանդեսի մասն է:

 

Թանգարանի տնօրեն Լիզա Ֆիշմանի խոսքով՝ արձանն ի սկզբանե հաշվարկված է եղել արձագանքի վրա:


«Ինչպես և լավագույն արվեստը, Թոնի Մատելիի աշխատանքը խոսակցություն և դիսկուրս է առաջացնում, ինչն ընկած է կրթության հիմքում»,- գրել է տնօրենը քոլեջի պաշտոնական կայքում: