ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելը ևս մեկ անգամ փաստում է՝ Ա.Խաչատրյանի ժառանգությունը համաշխարհային է

19:57 • 07.02.14

Հայազգի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագրերից 15-ն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչը նրա անվան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հավաստումն է համարում այն բանի, որ Արամ Խաչատրյանի թողած ժառանգությունը համաշխարհային է:

 

«Մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների առաջարկով թանգարանը ներկայացրեց հայտ, այն լրացվել է դեռ 2010թ.-ին թանգարանի կողմից: Խաչատրյանի ձեռագրերն են և նաև մոտ քսան ֆիլմի համար գրված երաժշտություններ։ 11 ձեռագիր ներկայացրել ենք թանգարանի արխիվից և չորս ձեռագիր իր որդու ընտանեկան արխիվից. ընդհանուր առմամբ 15 ձեռագիր է ներկայացվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Տնօրենի խոսքով՝ երեք տարի բանակցությունների մեջ են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի հետ, քանի որ պետք է համոզեին, որ Խաչատրյանն իսկապես համաշխարհային արժեք է: «Մենք կարողացանք համոզել, և հերթական հանձնաժողովի նիստի ժամանակ մոտ քսան երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդունվեց նաև մեր հայտը, մենք ընդգրկվեցինք «Աշխարհի հիշողություն» անվանացանկում»,-ասաց Արմինե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այդ ցանկում ներկայացված են արժեքներ, որոնց կորուստը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ մարդկության համար մեծ հարված է նշանակում:

 

Վերջում տուն-թանգարանի տնօրենը ևս մեկ անգամ նշեց, որ երեք տարի այդ ուղղությամբ աշխատելուց հետո այսօր արդեն փաստացի ունեն այդ վկայագիրը: