Կանադական խումբը 666.000 դոլար է պահանջում իր երաժշտությունը կալանավորներին տանջելու նպատակով օգտագործելու համար

18:16 • 07.02.14

Կանադական Skinny Puppy ռոք խումբն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից 666.000 դոլար փոխհատուցում է պահանջել, քանի որ իրենց երաժշտությունն օգտագործվել է Գուանտանամո բանտի կալանավորներին տանջելու համար, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

 

«Մենք նրանց հաշիվ ենք ուղարկել մեր երաժշտության օգտագործման համար, քանի որ դա նրանք արել են առանց մեզ տեղեկացնելու, և օգտագործել են այն որպես զենք ինչ-որ մեկի դեմ»,- նշել են խմբի անդամները։

 

Ինչպես գրում է պարբերականը, երաժշտական խմբի անդամները բանտի նախկին պահակներից մեկից են իմացել, որ իրենց ստեղծագործություններն օգտագործվում են ամերիկյան բանտում։ Այժմ երաժիշտները քննարկում են դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը։

 

«Մենք դա չենք անում գումար ստանալու համար։ Քանի որ մենք գրում ենք տագնապալի երաժշտություն, ապա ենթադրում ենք, որ այն կարող են օգտագործել տարօրինակ կերպով»,- ասել է խմբի անդամներից մեկը՝ հավելելով, որ նման կիրառումն իրենց դուր չի գալիս։