Շավարշ Կարապետյանի հերոսության մասին ֆիլմ կնկարահանվի

15:43 • 07.02.14

Logos Film Company ընկերությունը զբաղվում է խորհրդային չեմպիոն, լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմի ստեղծման աշխատանքներով, ով Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից փրկել էր մարդկանց։ Ֆիլմը ստացել է «20 կյանք» անվանումը՝ փրկված մարդկանց թվով, գրում է РИА Новости-ն։

 

1976թ. սեպտեմբերին բազմակի ռեկորդակիր և աշխարհի չեմպիոն Կարապետյանը Երևանյան լճի մոտ մարզվելիս նկատում է կամրջից լիճն ընկնող տրոլեյբուսը։ Մարզիկն անմիջապես շտապում է դեպքի վայր՝ կարողանալով դուրս բերել ուղևորների մեծ մասին։

 

Այժմ նախագիծը գտնվում է մշակման փուլում։ Հայտնի է միայն, որ այն կնկարահանվի դրամայի ժանրում, իսկ պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան։

 

Ֆիլմը կպատմի նաև Կարապետյանի հերոսության հետևանքների մասին. մարզիկն ավելի քան մեկ ամիս անցկացրել է հիվանդանոցում, իսկ վնասված ոտքերն ու արյան վարակումը սպառնացել են սպորտ վերադառնալուն։ Սակայն նա կարողացել է հաղթահարել դժվարությունները և ևս մեկ ռեկորդ սահմանել։