Երբ գումարներ հայթայթվեն, այն ժամանակ էլ Սոս Սարգսյանի անվան թատրոնի շենքի կառուցման աշխատանքները կմեկնարկեն. Հ. Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով Սոս Սարգսյանի անվան թատրոնի շենքի կառուցման աշխատանքների խնդրին, ասաց, թե երբ բոլոր գումարները հայթայթվեն, հավաքագրվեն, շինարարական աշխատանքները կմեկնարկեն. «Որովհետև մենք չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Սոս Սարգսյանի անվան թատրոնը պետական միջոցներով չէ՞ր կառուցվելու, ի՞նչ գումարների հավաքագրման մասին է խոսքը, մշակույթի նախարարը պատասխանեց. «Նա՛և պետական: Կային հովանավորներ, ովքեր գումար էին տալիս: Նախագծային աշխատանքները կատարված են, հիմա երբ բոլոր գումարները հավաքագրվեն՝ աշխատանքները կմեկնարկեն»:
Խոսելով մշակույթի ոլորտում 2014 թվականի գերակա ուղղությունների մասին, ասաց, որ դրանց թվում է նաև մշակութային օջախների պահպանության հարցը: «Պետությունը քայլ առ քայլ բոլոր մշակութային կազմակերպությունները կարգավորում և վերանորոգում է: Յուրաքանչյուր տարի մի մշակութային կազմակերպություն ամբողջովին կառուցված կամ վերակառուցված հանձնվում է»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:
Պատասխանելով լրագրողների՝ մնջախաղի թատրոնի շենքի կառուցմանը վերաբերող հարցին, նախարարն ասաց, թե դրա վերաբերյալ վերջնական լուծում չունեն: «Կարծում եմ, որ մնջախաղի թատրոնի խնդիրն ամենաառաջնահերթը չէ: Կան հարցեր, որոնք այսօր ավելի հրատապ լուծման կարիք ունեն: Երբ քաղաքապետարանը տարածք տրամադրի, այն ժամանակ մնջախաղի թատրոնի շենքի խնդիրը կլուծվի: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր հարցերը լուծվում են, ոչ մի հարց կախված չի մնում»,- հայտարարեց Հասմիկ Պողոսյանը:










