«Ելք չկա» հայկական առաջին կրիմինալ դրաման սերիալներից շատ է տարբեր. ուսուցողական բան կա նրանում. պրոդյուսեր
«Ելք չկա» հայկական առաջին կրիմինալ դրաման, որն էկրան կբարձրանա փետրվարի 14-ին, սերիալներից շատ բանով է տարբերվելու: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանն ասաց. «Այստեղ սերիալային մոտեցում չի կիրառվել, շատ լուրջ աշխատանքներ են տարվել»:
Ֆիլմը ոչ մի տեսակ կոմերցիոն նպատակ չի հետապնդում, ոչ մի հովանավոր չունի: «Լավ կողմն էլ հենց սա է»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանը:
Ֆիլմի պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանն ասաց, որ ֆիլմն այսօրվա առօրյայի, խնդիրների, հաջողությունների մասին է: «Անհավանական իրավիճակներ չկան ֆիլմում: Դիտելիս շատերը պատմություններ կհիշեն իրենց կյանքից»,- ասաց պրոդյուսերը՝ ավելացնելով, թե ֆիլմում ուսուցողական շատ բաներ կան: «Հուսով եմ, որ վատ սովորություններ ունեցող մարդն այս ֆիլմը նայելիս կփոխի իր կյանքը»,- նշեց Կամո Ունանյանը:
Դերակատար Արմեն Մարությանն իր հերթին ասաց, թե ֆիլմում շատ մեծ տեղ է հատկացվել ընկերասիրությանը. «Նայելիս կտեսնեք, որ մեծ արժեքներ կան այս ֆիլմում»:
83 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 160 հազար ԱՄՆ դոլար է կազմել, որը տրամադրել է պրոդյուսերը՝ կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը:
Ասուլիսին մասնակցող բանախոսներն ասացին նաև, որ երևանյան կինոթատրոններում ցուցադրելուց հետո ֆիլմը կցուցադրվի նաև Հայաստանի մարզերում, Ստեփանակերտում, իսկ հետո նաև՝ ԱՄՆ-ում:
Լրագրողների հարցին, թե ինչու է հենց կրիմինալն ընտրվել որպես ֆիլմի ժանր, սցենարիստ Հարություն Ղուկասյանն ասաց, թե աշխարհում է կրիմինալը պահանջված ժանր:










