Մեծ Բրիտանիան պետք է Հունաստանին վերադարձնի անտիկ հուշարձանները. Ջորջ Քլունի
Բեռլինյան կինոփառատոնի ընթացքում հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին կոչ է արել Մեծ Բրիտանիային վերադարձնել Հունաստանին Պարթենոնի արձանները, այսպես կոչված, Էլջինի մարմարները, որոնք այժմ պահվում են Բրիտանական թանգարանում, գրում է Russia Today-ը։
Քլունին նշել է, որ «ճիշտ կլինի», եթե Մեծ Բրիտանիան վերադարձնի արձանները, որոնք անօրինական ճանապարհով տարել է կոմս Էլջինը 19-րդ դարի սկզբին, երբ Հունաստանը գտնվել է թուրքական շրջափակման մեջ։
Պատասխանելով հույն լրագրողի հարցին, այն մասին, թե արդյոք Հունաստանը պետք է պահանջի Մեծ Բրիտանիայից վերադարձնել այդ անտիկ արժեքները, Քլունին պատասխանել է՝ «Ես կարծում եմ, որ դուք շատ լավ հնարավորություն ունեք՝ ձեր հնագույն իրերը վերադարձնելու համար։ Կարծում եմ, դա լավ միտք է։ Դա կլինի ճիշտ և ազնիվ»։
Բրիտանական թանգարանի ներկայացուցիչը հայտնել է, որ «թանգարանի հովանավորները վստահ են, որ տվյալ արձանները մեծ հասարակական արժեք ունեն և պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում են այժմ»։










