Մշակույթի նախարարը կողմ է Գառնիի տաճարի տարածքում սրճարան կառուցելուն, գյուղապետը՝ դեմ

20:00 • 09.02.14

Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան բացելու գաղափարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեմ չէ: «Եթե հնագիտական շերտին մենք չենք կպնում, եթե հնագիտական շերտը չենք վնասում, կարելի է և կառուցել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Ի պատասխան դիտարկմանը, թե տարածքից դուրս էլ կարելի է սրճարան կառուցել, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, ամեն ինչ այնքան հեշտ եք ասում: Տաճարի տարածքից դուրս էլ համայնքի տարածքն է: Այդտեղ հսկայական տարածք կա, եթե մարդիկ մտնում են տարածք, մի ջուր խմելու հնարավորություն չունենա՞ն: Եթե վատը եղավ, դա չի լինի: Բայց մյուս կողմից էլ մշակութային զբոսաշրջության ենթակառուցվածքները պետք է կարողանան աշխատել, պետք է շնչեն ինչ-որ ձև»:

 

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, ով կտրականապես դեմ է հուշարձանի տարածքում սրճարանի կառուցմանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հատուկ նշանակության պահպանվող տարածքում ոչ ոք իրավունք չունի որևէ բան, թե՛ հիմնական, թե՛ ոչ հիմնական շինություն կառուցել. «Լավ կլինի, որ Կառավարությունը թույլ չտա տաճարի հարևանությամբ շինարարություն իրականացնել»:

 

Գյուղապետը տեղեկացրեց նաև, որ հեթանոսական տաճարի հարևանությամբ սննդի երեք կետ է գործում: «Ես իրենց էլ առաջարկել եմ, որ տաճարի սահմաններից դուրս կարող եմ տեղ տրամադրել, որպեսզի սրճարան կառուցեն, տուրիստներին էլ հյուրասիրեն ու ճանապարհեն»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասել էր, որ իրեն է ներկայացվել Գառնիի հեթանոսական տաճարից 100 մետր հեռավորության վրա սրճարան կառուցելու նախագիծ, որը նա մերժել է գրավոր ու բանավոր:
 

 

Գառնիի հեթանոսական տաճարը, ըստ Wikipedia–ի հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է հին հռոմեացի պատմիչ Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։


Հուշարձանը հանդիսանում է հայ ժողովրդի հեթանոսական շրջանի՝ համաշխարհային արժեք ներկայացնող նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկը։ Շենքն ըստ ընդհանուր հորինվածքի պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։