Էն Հեթուեյը Ռոբերտ դե Նիրոյին աշխատանքի կընդունի
Դերասանուհի Էն Հեթուեյին առաջարկել են «Պրակտիկանտը» («The Intern») կատակերգությունում խաղալ կնոջ գլխավոր դերը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Դերասանուհին պետք է խաղա կայքի սեփականատիրոջ դերը, ում մոտ աշխատանքի է գալիս թոշակառու պրակտիկանտը:
Ժամանակի ընթացքում հերոսուհին պարզում է, որ տարեց աշխատակիցն արժեքավոր կադր է, և կերպարների միջև ընկերական հարաբերություններ են զարգանում:
Ի սկզբանե ֆիլմում կնոջ գլխավոր դերը պետք է խաղար Րիզ Ուիզերսփունը, սակայն նա դուրս է մնացել նախագծից, քանի որ չի կարողացել համաձայնեցնել իր աշխատանքային գրաֆիկը ֆիլմի ստեղծողների հետ:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ֆիլմում պրակտիկանտի դերը կխաղա Ռոբերտ դե Նիրոն: Ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը չի նշվում:










