«Ռոսկոմնադզորը» թանգարաններին կառաջարկի երեխաներից թաքցնել «մերկ» քանդակները
ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» մասնագետները թանգարաններին կառաջարկեն երեխաներից թաքցնել «մերկ» արձաններն ու նկարները, գրում է rbc.ru-ն: Մինչև 2015 թվականը ծառայությունը կարող է մշակել «արվեստի գործերի ցուցադրության մեթոդական առաջարկներ՝ տարիքային սահմանը հաշվի առնելով»:
Համաձայն «Առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքի ներկայիս խմբագրության՝ դրա գործողությունը չի տարածվում «հասարակության համար նշանակալի պատմական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեք ունեցող տեղեկատվական արտադրանքի» վրա:
2013 թվականին «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն արգելի երեխաներին ծանոթանալ «հասուն» արվեստի գործերին: Սակայն 2014-2017 թթ. թիրախային ծրագրում ծառայության մասնագետներն առաջարկում են թանգարանների համար այդ թեմայով առաջարկներ մշակել:
Բացի այդ, «Ռոսկոմնադզորն» առաջարկում է «ժամանակակից արվեստի ոլորտում երեխաների և անչափահասների տեղեկատվական անվտանգության ապահովման» հարցում առաջարկներ պատրաստել և անգամ «Զգույշ, արվեստ է» վերնագրված մենագրություն հրատարակել:










