Ամստերդամում բացվել է աշխարհում առաջին մարմնավաճառության թանգարանը
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում բացվել է մարմնավաճառության՝ աշխարհում առաջին թանգարանը, որտեղ այցելուներին կպատմեն հնագույն մասնագիտության տեր անձանց առօրյայի ու աշխատանքային նրբությունների մասին։
Ինչպես նշում է Euromag-ը, արտառոց թանգարանում կցուցադրվեն մարմնավաճառների աշխատանքի բոլոր մանրամասները, որոնց մասին մարդիկ ուզում են իմանալ, սակայն հարցնելու համարձակություն չունեն։ Բացի այդ, թանգարանի այցելուներին կպատմեն, թե ովքեր են գալիս աշխատելու հասարակաց տներում։
Delfi-ն հավելում է, որ ցուցահանդեսը ներառում է հնագույն ժամանակներից մինչ մեր օրերն այդ մասնագիտության էվոլյուցիայի պատմությունը։
Ամստերդամի իշխանությունների կարծիքով՝ նման թանգարանի ստեղծումը կօգնի հասկանալ մարմնավաճառների դժվարին աշխատանքի առանձնահատկությունները և մարդկանց մոտ հարգանք կառաջացնի նրանց հանդեպ։
Այժմ մայրաքաղաքի Կարմիր լապտերների թաղամասում օրենքի շրջանակներում աշխատում է 7.000 կին։ Մարմնավաճառությունն Ամստերդամում օրինականացվել է ու գտնվում է կառավարության աչալուրջ հսկողության ներքո։ Հասարակաց տների աշխատակիցներն ու միայնակ աշխատող մարմնավաճառները պարտադիր հարկեր են վճարում ու բուժզննում անցնում։










