Տեղի է ունեցել Արտաշես Գեղամյանի նոր գրքի շնորհանդեսը
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն այսօր ներկայացրեց իր հեղինակած «Հայաստանը մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գիրքը։
Կառավարության ընդունելությունների տանը տեղի կազմակերպված շնորհանդեսին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնելով նախագահին, ընդգծեց, որ վերջինս 4-րդ անգամ է պատվում «Ազգային միաբանություն» կուսակցությանը, նրա ակտիվին ու ներկա լինում իր գրքի շնորհանդեսին:
Անդրադառնալով գրքին՝ Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ այն յուրովի հաշվետվություն է ինչպես իր ղեկավարած, այնպես էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության ու նախագահի առջև, քանի որ իրեն վստահված է ներկայացնել ՀՀ-ն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում:
«Այսօր առանձնահատուկ ոգևորությամբ ուզում եմ նշել, որ այն բոլոր հարցադրումները, որ տեղ էին գտել իմ նախորդ գրքերում, այսօր իրականություն են դարձել: Բնականաբար սա գուշակություն չէ իմ կողմից, պարզապես ես ամենայն ուշադրությամբ հետևում էի երկրի Նախագահի հրապարակային և գրավոր խոսքին, ուր Հայաստանի հեռանկարային զարգացումներն էին մատնանշվում հատկապես արտաքին քաղաքական ոլորտում»,-ասաց նա:
Արտաշես գեղամյանն ընդգծեց, որ ուշադրությամբ հետևել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նախագահների հրապարակային ելույթներին՝ հատկապես կապված ՄՄ-ի հետ:
«Վերլուծության եմ փորձել ենթարկել Եվրամիության ղեկավարության ելույթները կապված արևելյան գործընկերության հետ ու համադրել երկրի նախագահի ելույթների հետ և արդեն 2-3 տարի առաջ գալիս էի այն եզրակացության, միգուցե այն ժամանակվա համար համարձակ, որ ՀՀ-ն արտաքին քաղաքական վեկտորը պետք է պայմանավորված լինի Մաքսային միության հետ՝ ինչո՞ւ չէ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-ասաց նա:
«Սեպտեմբերի 3-ին մեր կուսակցությունում յուրահատուկ ցնծություն էր, որովհետև Մոսկվայում մեր երկրի նախագահը և ՌԴ նախագահը փոխադարձ համաձայնության եկան ու հայտարարվեց, որ ՀՀ-ն ցանկություն է հայտնում միանալ ՄՄ-ին»,-ասաց Արտաշես Գեղամյանը:
Նշենք, որ գիրքը ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:










